Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը հունիսի 12-ից տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն եւ մինչեւ այժմ գտնվում է այնտեղ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միքայելյան» վիրահատվել վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:

Նա նշեց, որ վերջինիս վերքի շրջանում գոյացություն էր առաջացել, որը հեռացրել էին: Այժմ նրա վիճակը նորմալ է, երկուշաբթի դուրս կգրեն հիվանդանոցից:

Նշենք, որ 2012թ փետրվարի 13-ին, երբ վիրահատել էին նրա հաստ աղիքի չարորակ ուռուցքը, վիրահատությունը բարեհաջող էր ընթացել,  բայց 6 ամիսների ընթացքում նորագոյացություն է  առաջացել պորտի շրջանում, որը վիրահատել էին օգոստոսի 7-ին:

Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է: