Էնտերովիրուսային ինֆեկցիան, որը կարող է մենինգիտի պատճառ հանդիսանալ, շարունակում է տարածվել Ռուսաստանում: Տուլայի մոտ գտնվող վերականգնողական ճամբարում 14 երեխաների մոտ բժիշկներն ախտորոշել են ինֆեկցիա, իսկ 4-ի մոտ հաստատել են շճային մենինգիտ:

Մինչ այդ հայտնի էր այդ ճամբարում մենինգիտով հիվանդացած միայն մեկ երեխայի մասին: «Հայտնաբերվել են էնտերովիրուսային ինֆեկցիայով 14 հիվանդներ, նրանցից 4-ի մոտ ախտորոշվել է շճային մենինգիտ: Հիվանդանոց է տեղափոխվել 7 երեխա, մյուսները ամբուլատոր բուժում են անցնում»,-ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հաղորդագրությունում:

Այժմ ճամբարում հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում: Բոլոր նրանք, ովքեր հիվանդ երեխաների հետ են շփվել, բժիշկների վերահսկողության տակ են գտնվում: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Ավելի վաղ հիվանդության դեպքեր գրանցվել էին Լիպեցկում, Վորոնեժում, Վոլգոգրադում, Կուրսկում, Աստրախանում եւ մի շարք այլ քաղաքներում: Ռոստովում, որտեղ ամենամեծ քանակությամբ հիվանդ երեխաներ էին տեղափոխվել հիվանդանոց, ներկայումս բոլոր 253-ն էլ դուրս են գրվել: Համաճարակային իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը շարունակվում է: