Օրգանիզմում ճարպի տեղայնացումը ազդում է սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման վտանգի վրա: Նույնիսկ եթե երկու անձինք նույն քաշն ունեն, սակայն մեկի մոտ ճարպը հավաքվել է իրանի շրջանում, նրա առողջությունը կարող է վտանգի տակ լինել, պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Journal of the American College of Cardiology հանդեսում:

Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ Բոսթոնի Բրիգհեմի կանանց հիվանդանոցի հետազոտողները գնահատել են ճարպային կուտակումները փորի շրջանում եւ ողջ օրգանիզմում՝ մինչեւ 50 տարեկան ավելի քան 3 հազար անձանց մոտ: Կամավորների կեսը կանայք են եղել, եւ բոլորին հետեւել են յոթ տարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հետազոտման ընթացքում արձանագրվել է սրտանոթային հիվանդությունների 90 դեպք, քաղցկեղի 141 դեպք եւ 71 մահ: Ըստ գիտնականների՝ որովայնի շրջանում առկա ճարպը լրջորեն ազդում է հիվանդությունների զարգացման վրա:

Ըստ գիտնականների, եթե ճարպը հավասարաչափ բաշխված է ողջ օրգանիզմի վրա, այդ մարդկանց մոտ հիվանդության ռիսկն ավելի փոքր է: