Իսպանացի գիտնականներին հաջողվել է հետազոտությունների ընթացքում ցուցադրել այն վնասը, որ ալկոհոլը հասցնում է ուղեղին: Պարզվել է, որ շաբաթական գարեջրի ընդամենը երեք գավաթը կամ երեք բաժակ գինին կարող են բթացնել ուղեղի ակտիվությունը 20 տոկոսով, իսկ նույն խնդրի լուծման համար խմող մարդուց ավելի շատ ջանք է պահանջվում, քան սթափ մարդուց:

Սանտյագո-դե-Կոմպոստելա համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են ուսանողների երկու խումբ: Առաջին խմբի կամավորները ալկոհոլ ընդհանրապես չեն օգտագործել, իսկ մյուս խումբը շաբաթը մի անգամ մեկուկես լիտր գարեջուր է խմել: Ուսանողները շաբաթվա ընթացքում թեսթավորում են անցել, որի ընթացքում ստուգել են նրանց արձագանքը թարթող ազդանշանին: Նաեւ մանրամասն ստուգվել են ուղեղի ակտիվությունը, արագությունն ու արձագանքի ճշգրտությունը, հաղորդում է GlobalScience.ru-ն:

Արդյունքում պարզվել է, որ երկու խմբի ուսանողները խնդիրը լուծել են նույնկերպ լավ, զգալի տարբերություններ չեն նկատվել, հաղորդում է Daily Mail-ը: Սակայն գիտնականները պարզել են, որ խմողների ուղեղն աշխատել է ավելի լարված ռեժիմով: