Երիտասարդ բրիտանացիները, որոնք ինչ-որ ավազակախմբերի անդամներ են, ավելի հաճախ են տառապում տարաբնույթ հոգեկան խանգարումներից, այդ թվում` սոցիոպատիայից, ալկոհոլային կախվածությունից, պսիխոզներից և սուիցիդալ տրամադրություններից, քան օրինապահ քաղաքացիները: Այս մասին ասվում է հոդվածում, որը հրապարակվել է American Journal of Psychiatry-ում:

Հետազոտողներն անանուն հարցում են իրականացրել 18-34 տարեկան 4,6 հազար բրիտանացիների շրջանում: Հարյուրավոր հարցվածներ, կամ նրանց ընդհանուր թվի 2 տոկոսը խոստովանել է, որ բանդայի անդամ է հանդիսանում:

Ուսումնասիրելով գանգստերների հոգեբանական վիճակը` գիտնականները պարզել են, որ նրանց մեծ մասը եղել են սոցիոպատներ, գրեթե կեսն ունեցել է ալկոհոլային և թմրանյութային կախվածություն, կեսից ավելին տառապել է նևրոզներով, իսկ մեկ երրորդը փորձել է ինքնասպան լինել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հետազոտողների խոսքով` այդ խանգարումների մեծ մասն առաջանում է հետվնասվածքային սթրեսային խանգարման կամ գանգստերների մոտ «աֆղանական սինդրոմի» հետևանքով: Ինչպես գիտնականներն են ենթադրում այդ գործոնը կարելի է օգտագործել ի բարօրություն հասարակության` հետևելով հանցագործներին և առանձնացնելով նրանց, ովքեր հոգեկան խանգարումներ ունեն: