Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքի դատարանն, այսօր՝ հուլիսի 21-ին, դատավճիռ է կայացրել քրեական հեղինակություն «Քոռ Օղլի Մամեդովի նկատմամբ, որն առավել հայտնի է «Կարո» մականունով: Ավազակային հարձակման եւ ձեռնարկություններից մեկի վերահսկիչ փաթեթին տիրանալու փորձի համար նա անազատության մեջ կանցկացնի 8 տարի:

Գործի նյութերի համաձայն՝ 2009 թվականի հունիսին Կարոն իմացել է Նիժնի Նագիլի վարչակազմի կողմից հատուկ աճուրդում «Տագիլօպտորգ» ընկերության 56 տոկոս բաժնետոմսերը վաճառելու մտադրության մասին: Քանի որ աճուրդին մասնակցելու ցանկություն է հայտնել տեղի գործարարներից մեկը, Մամեդովը նրան առաջարկել է հրաժարվել տորգերից, սակայն վերջինս մերժել է խնդրանքը եւ տորգերի արդյունքում նրա ընկերությունը ձեռք է բերել վաճառվող բաժնետոմսերի 73 տոկոսը:

Դրանից հետո Մամեդովը մի քանի ամիս շարունակ (2010-ի օգոստոսից հոկտեմբեր) ծեծել է տուժողին, սպառնացել ոչնչացնել նրա ողջ ունեցվածքը: Կարոն նաեւ պահանջել է իրեն հանձնել ընկերության բաժնետոմսերի 9 տոկոսը, որի արժեքը կազմում էր ավելի քան 4 մլն ռուբլի: Բացի այդ, քրեական հեղինակությունը պահանջել է ամեն ամիս իրեն մեկ մլն ռուբլի փոխանցել՝ «անհարմարություններ պատճառելու համար»:

Ինչպես հայտնում է  NEWSru.com-ը, Կարոյի անունը նշվել է 2004 թվականի սեպտեմբերի 15-ին Եկատերինբուրգում տեղի ունեցած քրեական «հավաքի» հետ կապված: Այն ժամանակ քրեական հեղինակությունները փորձում էին միասնաբար հանդես գալ ազդեցությունների ոլորտների բաժանման գործում, որի նախաձեռնությունը գալիս էր Մոսկվայից:

«Ուղղահայաց գողական իշխանության» օգտին հանդես էր գալիս «Դեդ Հասանը», իսկ գլխավոր «անջատողական գողերից» մեկը հենց Կարոն էր: Այդ հակամարտությունն ավարտվել էր նրանով, որ Դեդ Հասանի կողմնակիցները Մամեդովին զրկել էին «գողական գահից»: