Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տեղում երեկ տեղադրված երկաթյա կոնստրուկցիաներն արդեն ապամոնտաժվել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Նա նշեց, որ նախկին տերերի եւ վարձակալի կողմից ապօրինություններ էր կատարվել, բայց այսօր քաղաքապետարանի աշխատակիցների կողմից մի քանի ժամվա ընթացքում ապամանոտաժվեցին դրանք: «Մենք թույլ չենք տա, որ Աբովյան փողոցում նախկին տարիների նման կառույցներ կառուցվեն, դրանք մեր հսկողության տակ են»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ եթե նրանք նորից փորձեն նման բան անել, ապա վարչական տույժի կենթարկվեն։

Տարոն Մարգարյանն անդրադարձավ նաեւ Երեւանի կենտրոնում իրականացվող մեկ այլ աղմկահարույց շինարարությանը՝ «Փակ շուկային»։ «Փակ շուկայում պարզ երեւում էր, որ հարկ է կառուցվում եւ դա ապամոնտաժվեց: Ինչ վերաբերում է շուկայի ստորգետնյա մասին, այն օրինական է, իսկ վերգետնյա մասի խնդիրը մշակույթի նախարարության կողմից քննարկվում է։ Վստահ եմ՝ ապագայում ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց Երեւանի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տեղում երկաթյա կոնստրուկցիաների տեղադրման վերաբերյալ հուլիսի 11-ին որոշ լրատվամիջոցներով հնչեցված ահազանգի հետքերով՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները նույն օրը եղել են տեղում եւ, անմիջապես կասեցնելով շինարարական աշխատանքները, ձեռնամուխ են եղել արդեն տեղադրված կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 12-ի վաղ առավոտյան արդեն տարածքը բերվել է նախկին տեսքին: