Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տիմաշեւսկ քաղաքում 16-ամյա Վիոլետա Վ.-ն եւ իր 17-ամյա սիրեցյալ Բոգդան Գ.-ն խանդոտ երիտասարդի զոհ են դարձել: Ընկերոջ սիրած աղջկան սիրահարված պատանին երկուսին էլ սպանել է:

Քաղաքի անտառային հատվածի եզրին  երիտասարդների մարմինները հայտնաբերելուց մի քանի ժամ անց  ոստիկանություն բերման է ենթարկվել 18-ամյա Իվան Կուլակովը: Ուսանողը խոստովանել է, որ զույգին մահակով մահացու ծեծի է ենթարկել, իհարկե, պնդելով, որ գտնվել է աֆեկտի վիճակում:

Իվան Կուլակովը խոստովանել է, որ հուլիսի 6-ին միասին մի ընկերախմբում են եղել Բոգդանի եւ Վիոլետայի հետ: Այնուհետեւ երեքով իր տուն են գնացել: 17-ամյա Բոգդանը մի պահ Վիոլետային մենակ է թողել սենյակում Իվանի հետ, եւ այդ պահին լսել է աղջկա բարձր ճիչերը, հաղորդում է Life News-ը:

Կռիվ է սկսվել, որի ընթացքում Իվանը վերցրել է բեյսբոլի մահակը եւ մի քանի անգամ խփել աղջկա գլխին, հետո մահացու վերք է հասցրել Բոգդանին: Ըստ Իվանի` ինքը մենակ է գործել, սակայն քննիչները դեռ պետք է պարզեն, թե ինչպես է նրան հաջողվել աննկատ անտառ տանել երկու մարմինները: