Հայաստանը շարունակում է մնալ այն պետությունների ցանկում, որոնք ունեն կիսակոնսոլիդացված ավտորիտար կառավարում: Այս մասին խոսվում է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Անցումային շրջանի երկրներ» զեկույցում:

Ընտրական գործընթացում առաջընթաց է գրանցվել Վրաստանում եւ Հայաստանում, խախտումներ՝ Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Մինչդեռ Ադրբեջանն ագրեսիվորեն ճնշում էր քաղաքական ընդդիմությանը, Վրաստանում ու Հայաստանում անցկացվել են նոր ընտրական օրենքներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ: Ըստ այդմ, կարեւոր տեղ է հատկացնում թեկնածուների համար նախընտրական ռեսուրսների հավասար հասանելիությանը եւ լրատվամիջոցներում հավասար լուսաբանմանը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանը իր դիրքը բարելավել է լրատվամիջոցների անկախության առումով, ինչպես նաեւ դեպի առաջ 6 քայլ է գրանցել ժողովրդավարության վարկանիշում: Մասնագետները Հայաստանում ժողովրդավարության մակարդակը գնահատել են 5.36, ինչը մի փոքր ավելի լավ է նախոդ տարվա ցուցանիշից:

Ինչ վերաբերում է հարեւան պետություններին, ապա Ադրբեջանը «Քաղաքացիական հասարակություն» ցուցանիշում ավելի ցածր վարկանիշ է ստացել երկրում գործադրվող ճնշման պատճառով, ինչպես նաեւ վատ ցուցանիշներ է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, եւ առհասարակ, ժողովրդավարության առումով եւս: 2012-ին Ադրբեջանի եւ նրա կովկասյան հարեւանների միջեւ ժողովրդավարական զարգացման տարբերությունը էլ ավելի է մեծացել: Զեկույցում նաեւ նշվում է Ռամիլ Սաֆարովի հետ կապված միջադեպը, որին Բաքվի կառավարությունը ներում էր շնորհել՝ «այդ կերպ խոչընդոտելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի հետ բանակցություններին»:

Վրաստանը եւս Հայաստանի նման դրական առաջխաղացում է արձանագրել ընտրական գործընթացում եւ ժողովրդավարության ընդհանուր վարկանիշում: