Արգենտինան կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ԱՊԱ-ի հետ հարցազրույցում նշել է Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Կառլոս Դանտե Ռիվան:

Դեսպանը հաստատել է, որ հայ համայնքը շատ ուժեղ է Արգենտինայում. «Նրանք վաղուց են բնակվում այնտեղ: Արգենտինան բոլոր կողմերի հետ լավ հարաբերություններ ունի»: Միաժամանակ դեսպանը փորձել է առավելագույնս ցրել ադրբեջանցի լրագրողի կասկածները՝ հայտարարելով, որ Արգենտինայի հայ համայնքը չի կարող ազդել Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դեսպանը հայտարարել է, որ այն ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի համար է խնդիր, այլեւ տարածաշրջանի:

 «Այն անհապաղ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»: