Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմն արդեն մի քանի շաբաթ է, ինչ ճգնաժամի մեջ է՝ չկարողանալով հովիվ ընտրել: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն: Ըստ պարբերականի, մայիսի 25-ին Մոնրեալում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում Կանադական թեմի պատվիրակները Արեն Ջեբեջյանին ընտրել են թեմի հովիվ՝ Բագրատ Գալստյանի փոխարեն:
Սակայն հետագա շաբաթների ընթացքում ինտերնետում տարածվել է խնդրագիր, որում երբեմն հնչել են ագրեսիվ արտահայտություններ 4 հոգեւորականների նկատմամբ, որոնք եպիսկոպոս Գալստյանի «դավաճան» կողմնակիցներն են: Այդ պատճառով Ամենայն հայոց կաթողիկոսը խնդրել է Ջեբեջյանին հրաժարվել պաշտոնից՝ «եկեղեցու կարգուկանոնը պահպանելու» համար: Իսկ հունիսի 20-ին Նաթան Հովհաննիսյանը 1 տարի ժամկետով նշանակվել է Կանադական թեմի տեղապահ: Հարկ է նշել, որ Արեն Ջեբեջյանը ծնունդով ԱՄՆ-ից է:
Հայաստան վերադառնալով՝ եպիսկոպոս Բագրատ Գալստյանը նշանակվել է Էջմիածնում «հայկական եկեղեցու արարողակարգային ծառայության» ղեկավար: Այս պաշտոնը վերջերս է սահմանվել, ամենայն հավանականությամբ, սփոփելու եպիսկոպոս Գալստյանին՝ եպիսկոպոսական աթոռը կորցնելու կապակցությամբ:





























