Հայաստանի կառավարությունում այսօր՝ հուլիսի 17-ին շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ֆինանսների, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարները, ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը եւ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը զեկուցել են հաշվետու տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին: ՀՀ կառավարության անդամները եւ ՀՀ ԿԱ մարմինների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Անդրադարձ է արվել նաեւ նշված ժամանակահատվածում գերատեսչություններին տրված հանձնարարականների, ինչպես նաեւ աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին:
Քննարկման ընթացքում վարչապետ Սարգսյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները:





























