Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները այսօր` հուլիսի 17-ին զանգահարել են Մոսկվայում խոշոր վթարի համար կալանավորված Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամներին եւ տեղեկացրել, որ հանդիպել են նրա հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը եւ ավելացրեց, որ այդ զանգից հետո որոշ չափով հանգստացել են:
Հարցին, թե արդյոք խոստացել են առաջիկայում հեռախոսազրույց կազմակերպել Հրաչյա Հարությունյանի հետ, նա պատասխանեց. «Մոտակա օրերին անպայման»: Նա նաեւ նշեց, որ հավանաբար ընտանիքի անդամներից որեւէ մեկը կամ մի քանիսը կմեկնեն: «Այո անպայման, բայց դեռ չգիտենք ովքեր կմեկնեն»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները այսօր քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե Հարությունյանը հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն եւ քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ: ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել էին նաեւ Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ պարագաների եւ հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան:
Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:
Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:



























