Ամերիկյան մի շարք առեւտրային ցանցեր հրաժարվում են վաճառել Rolling Stone ամսագրի համարը, որի շապիկին Բոսթոնի ահաբեկչության մեջ մեղադրվող չեչեն Ջոհար Ցարնաեւի նկարն է:

Facebook-ի իրենց էջերում CVS Pharmacy եւ Walgreens դեղատների ցանցի հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ ամսագրի տարածումը մերժելը բացատրվում է Բոսթոնում ահաբեկչության զոհերի եւ նրանց հարազատների նկատմամբ տածած հարգանքով: Tedeschi Food Shops ընկերությունը հրատարակությանը մեղադրել է «վատ արարքները գովազդելու համար», ընդգծելով, որ  «երաժշտությունը եւ ահաբեկչությունն անհամատեղելի են»:

Rolling Stone-ի տիտղոսաթերթին ենթադրյալ ահաբեկչի նկարը հրապարակելը դատապարտել են նաեւ  ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները: Ըստ Բոսթոնի քաղաքապետ Թոմաս Մենինոյի` ամսագիրն ահաբեկչին նշանավոր անձի  կարգավիճակ է շնորհել: Facebook-ում  Rolling Stone-ի էջում իրենց դժգոհությունն են հայտնել նաեւ  ընթերցողները, ոմանք ամսագրին  մեղադրել են «ահաբեկչությունը գլամուրացնելու» համար:

Ի պատասխան մեղադրանքների` խմբագիրները թեմայի ընտրությունը բացատրել են նրանով, որ Rolling Stone –ը միշտ «լրջորեն լուսաբանել է ամենակարեւոր քաղաքական եւ մշակութային երեւույթները»: Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է, որ  Ցարնաեւը ընթերցողներից շատերի հասակակիցն է, ուստի առավել հետաքրքիր էր հասկանալ նրա քայլի պատճառները, հաղորդում է lenta.ru-ն:
Rolling Stone-ը Ցարնաեւի մասին նյութով ամսագրի համարը լույս էր ընծայել  հուլիսի 16-ին: Լրագրողները պարզաբանել էին, որ  իրենց նպատակն է եղել Ցարնաեւ անհատի ուսումնասիրությունը  եւ պարզելը, թե ինչպես է «պայծառ ապագայով համակրելի երեխան դարձել հրեշ»:

Ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւը հայտնվել է Rolling Stone ամսագրի շապիկին