Ամերիկյան հայտնի Rolling Stone ամսագիրը, որը նվիրված է երաժշտությանն ու փոփ-մշակույթին, իր հերթական համարի շապիկի դեմքն է դարձրել Ջոհար Ցարնաեւին, ով կասկածվում է Բոստոնի ահաբեկչությունը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ:

Շապիկի անոնսը, որը մակագրված է «Պայթեցնողը» գրությամբ, կարելի է տեսնել Facebook-ում Rolling Stone-ի էջում:

Մի քանի ժամերի ընթացքում այդ հաղորդագրությունը բազմաթիվ ցասումնալի մեկնաբանությունների է արժանացել:

Խմբագիրները պնդում են, որ ամսագրի օգոստոսյան համարում կհրապարակվի հոդված, որը պատմում է, թե ինչպես է «խոստումնալից ապագայով երեխան վերածվել հրեշի»:

Ինչպես «Կոմսոմոլսկայա պրավդային» հաղորդել է ամսագրի ռուսական տարբերակի խմբագիր Ալեքսանդր Կոնդուկովը, Ցարնաեւի մասին պատմող նյութը կթողարկվի նաեւ ռուսական տարբերակում, սակայն նրա լուսանկարը շապիկին չի հայտնվի:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոսթոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյուններին զոհ է դարձել երեք մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել էին: Ահաբեկչությունները կազմակերպելու մեջ կասկածում են երկու եղբայրների՝ Ջոհարին եւ Թամերլանին: Ավագ եղբայրը՝ Թամերլանը սպանվել է ապրիլի 19-ին Ուոթերթաուն քաղաքում ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում: