Իսրայելի տարածքում հնագետները պալատ են գտել, որը, ըստ նրանց, մ.թ.ա. 10-րդ դարում իշխած Դավիթ արքային է  պատկանել:

Խիրբաթ-Կիյաֆա հնագույն բնակավայրում պեղումները շարունակվել են յոթ տարի, այժմ մոտենում են ավարտին: Հիպոթեզներից մեկի համաձայն՝ այդ վայրում աստվածաշնչյան Շահարաիմ քաղաքն է գտնվել: Հնագետները վեհաշուք երկու կառույց են գտել՝ պալատը եւ  պահեստ, որոնք համարվում են մ.թ.ա. X դարի նմուշներ, գրում է NEWSru Israel-ը:

Ըստ գիտնականների՝ պալատը Դավիթ արքայի նստավայրն է եղել, իսկ պահեստում անհրաժեշտ ապրանքներն են պահվել: Պալատի մակերեսը մոտ հազար քմ է, դրանից ձգվող ճանապարհը տանում է դեպի քաղաքային դարպասներ եւ Էլահ հովիտ, որտեղ Դավիթը հաղթեց հսկա Գողիաթին: Պալատում պահպանվել են մետաղական, կերամիկական եւ քարե առարկաներ, այդ թվում՝ եգիպտական շքեղ իրեր:

Հնագետները հույս ունեն, որ նման կարեւոր բացահայտումը Իսրայելի իշխանություններին ետ կպահի այդ վայրում բնակելի թաղամաս կառուցելու մտքից, եւ փոխարենն ազգային պարկ կստեղծվի տարածքում:

Դավիթը Իսրայելի երկրորդ թագավորն է եղել եւ աստվածաշնչյան ամենավառ կերպարներից մեկը, որին ընդունում են միաստվածական բոլոր երեք դավանանքները՝ հուդայականությունը, քրիստոնեությունը եւ իսլամը: