Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցեւը բողոքարկել է բժիշկների եւ ուղեկցող ոստիկանների գործողությունները, որոնց հետեւանքով կասկածյալը դատարանի դահլիճ էր տեղափոխվել կանացի խալաթով:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ալեքսանդր Մալցեւը, նախօրեին ինքը երկու բողոք է ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում է պահակախմբի գործողություններին, երկրորդը՝ բժիշկների:

Ըստ ՌԴ օրենսդրության, պատասխանը պետք է ուղարկվի 10 օրվա ընթացքում: Եթե պատկան մարմինը որոշի, որ այդ հարցով ստուգման կարիք կա, այդ ժամկետը կարող է երկարաձվել մինչեւ 30 օրվա: «Կնշանակվի ստուգում, թե՝ ոչ, ես չեմ կարող ասեմ: Դա նրանց որոշելիք հարցն է»,-ասել է փաստաբանը` հավելելով, որ պատասխանը կստացվի փոստով, որը ենթադրում է ավելի երկար ժամկետ:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:

Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել: