Մեծ է ԼՂՀ ԱԳՆ դերը պետականաշինության եւ արտաքին քաղաքականության ասպարեզում Արցախի շահերի պաշտպանության գործում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում ընդունելով ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով գերատեսչության 20-ամյակի կապակցությամբ՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ անկախ արտաքին քաղաքականությունն ինքնիշխան հանրապետության գլխավոր բաղկացուցիչներից է:
Միեւնույն ժամանակ ԱԺ նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է ժամանակակից աշխարհում տեղի ունեցած փոփոխությունների վրա, որոնք, նրա գնահատմամբ, պահանջում են նոր մոտեցումներ։ Այդ համատեքստում նա կարեւորել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությունը։
Այնուհետեւ ԱԺ նախագահը համապատասխան պարզաբանումներով պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների գործունեությանը, տարբեր երկրների խորհրդարանականների հետ շփումների ու փոխգործակցության հաստատման խնդիրներին։





























