Երեւանում հուլիսի 20-ից միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիներում նախատեսվող ուղեվարձի բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, ուղեւորափոխադրումները ավելի քաղաքակիրթ դարձնելու նպատակով:

Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների եւ քաղաքի միկրոավտոբուսային եւ ավտոբուսային ուղեւորափոխադրումներն իրականացնող մասնավոր ընկերությունների տնօրենների հանդիպման ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ  Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ անհրաժեշտ է վարորդների աշխատավարձերի բարձրացման միջոցով հնարավորին շատ վարորդներ ընդունել աշխատանքի` անհրաժեշտ պահանջարկը բավարարելու ու այդ նպատակով նաեւ նոր ավտոբուսներ ներկրելու համար: Վերջինիս խոսքով՝ ստեղծվել է մասնագիտական խումբ, որն ամենօրյա ռեժիմով հետեւելու է տրանսպորտային ընկերությունների պայմանագրերում ամրագրված սահմանված չափանիշների կատարմանը: Մասնավորապես, խիստ վերահսկվելու է տրանսպորտային միջոցների աշխատանքի պարբերականությունը հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերին: Բացի այդ, երթուղիներում չպետք է լինեն տեխնիկապես անսարք կամ  սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող  փոխադրամիջոցներ: Ուղեւորափոխադրող ընկերությունների առջեւ պահանջ է դրվել նաեւ հետեւել վարորդների սանիտարահիգիենիկ վիճակին, պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն եւ ուղերթի տեւողության ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը: Հատկանշվել է նաեւ, որ պարտավորությունները ոչ պատշաճ կամ թերի կատարող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ ծառայությունները  ոչ լիարժեք շարունակելու դեպքում ընդհուպ մինչեւ կխզվեն պայմանագրերը տվյալ տրանսպորտային ընկերությունների հետ: Ծավալված երկխոսության ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են տնտեսվարողների  հարցերին: