Պոդոլսկի մոտ, հուլիսի 13-ին, սարսափելի ավտովթարի ենթարկված բեռնատարի փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն մոտ ժամանակներս:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցեւը, հաշվի առնելով արձագանքը, որն ստացել է այս գործը, փորձաքննության արդյունքներին կարելի է սպասել մոտավորապես 2 շաբաթ անց: Հիշեցնենք, որ բեռնատարն ու քրեական գործի նյութերը փոխանցվել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության փորձագիտա-քրեագիտական 10-րդ կենտրոն:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:

Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել: