Տարածաշրջանում ամենաէժան տրանսպորտը Հայաստանում է: Այս  մասին, այսօր` հուլիսի 18-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ 1993 թվականին շրջանից եկել է Երեւան եւ մինչեւ հիմա տրանսպորտը 100 դրամ է, այնինչ մյուս ծառայությունները ինչքան են թանկացել:

«Այն, որ սոցիալական վիճակը լավ չէ, փաստ է, այն, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք սոցիալական վիճակը բարելավելու համար դա էլ է փաստ: Իսկ դրա համար լավագույն միջոցը դա տնտեսական աճն ու տնտեսական զարգացումն է»,- ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը:

Լրագրողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքի այն առաջարկին, որ ԱԺ-ում տրանսպորտի թանկացման շուրջ արտահերթ նիստ անցկացնեն: «Կարծում եմ դա քաղաքական հնարք է, ինչը պետք է քննարկել: Նախեւառաջ թող գնան ավագանիում քննարկեն»,- արձագանքեց նա:

Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը կվերսկսեն սեպտեմբերին: