ՀՀԿ-ի Սյունիքի մարզային կառույցը պետք է քննարկի եւ գործադիր մարմնին ներկայացնի ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար թեկնածությունը, որից հետո ՀՀԿ-ում կքննարկվի այդ հարցը: Այս  մասին, այսօր` հուլիսի 18-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը (Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի որդին) նշանակվել է Սյունիքի մարզպետ, ուստի վայր է դրել պատգամավորի իր լիազորությունները:

ԿԸՀ որոշմամբ՝ թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրությունը կանցկացվի սեպտեմբերի 29-ին:

Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը իր տանը տեղի ունեցած հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: Մարզպետի հավանական թեկնածուների բազմաթիվ անուններ էին շրջանառվում` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյան, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյան  եւ այլն։