Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկար ունի, եթե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը լծակ չդառնա Երեւանին ճնշելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Սկզբի համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է ենթադրում այդ Ասոցացման համաձայնագիրը: Եթե ենթադրում է միայն մուտք ազատ առեւտրի գոտի, ապա Երեւանը պետք է ստորագրի այդ փաստաթուղթը, եթե այդ համաձայնագիրը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու լծակ է դառնալու՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցում, ապա մենք էլի պիտի ստորագրենք այն: Եթե ԵՄ-ն Համաձայնագիրը օգտագործելու է որպես լծակ Հայաստանի դեմ՝ ԼՂ հարցում զիջումներ կորզելու առումով, ապա Հայաստանը պետք է հրաժարվի նախաստորագրել այդ փաստաթուղթը կամ ստորագրմանը զուգահեռ պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը»,-նշեց Րաֆֆի հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ապա ըստ «Ժառանգության» առաջնորդի, Հայաստանը պետք է այդ կազմակերպությունում ներկայացուցիչ ունենա եւ ներկայացված լինի երկու կազմակերպություններում էլ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am