Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումների ծավալը կրճատվել է: 2013 թվականի հունվար-հունիսի տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումները նվազել են 7,2%-ով՝ կազմելով 945 մլն խմ: Այս մասին NEWS.am-ին հայտնել են «ՀայՌուսգազարդ»-ից:

Հաշվետու  ժամանակահատվածում իրացվել է 825.7 մլն խմ, ինչը 2,2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ բնական գազի սպառման ծավալները 15,4%-ով նվազել են էներգետիկայի սեկտորի կողմից՝ կազմելով 84.8 մլն խմ: Սպառման ծավալները 10%-ով նվազել են նաեւ բնակչության եւ 5,8%-ով՝ այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 300.7 եւ 97.7 մլն խմ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 13,6%- ով ավելացել են արդյունաբերության ոլորտի եւ 10,7%-ով՝ ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 135.4 մլն խմ եւ 207 մլն խմ: