Հայաստանում ինժեներական մշակումները օդանավերի կառուցումից ավելի հեռանկարային են: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, Երեւանում հայտարարել է  «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» բաց բաժնետիրական ընկերության  նախագահ Միքայել Պողոսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Այսօր Միավորված ավիաշինարարական կորպորացիան եւ Գիտությունների ազգային ակադեմիան համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:

Միքայել Պողոսյանի խոսքով՝ թեեւ մի քանի տարի առաջ ընկերությունը ծրագրում էր Հայաստանում թեթեւ օդանավեր կառուցել, հաշվումները ցույց են տվել, որ փոքր շուկայի  ծավալները  չեն արդարացնում նման արտադրությունը:

 «Մյուս կողմից, մեր վերլուծությամբ՝ ինժեներական մշակումներն երիտասարդ ու հեռանկարային ավելի շատ կադրեր կներգրավեն ժամանակակից հետազոտական գործընթացում», – հավելել է Պողոսյանը:

2001թ. սկզբին Սուխոյ» ավիացիոն ռազմարդյունաբերական համալիրը (այժմ՝ Միավորված ավիաշինարարական կորպորացիայի կազմի «Սուխոյ» քաղաքացիական ավիացիոն ընկերությունը) Հայաստանի Հայրենական արտադրողների  միության հետ բանակցություններ էր վարում մեկ շարժիչով Սու-38Լ թեթեւ օդանավերի կառուցումը կազմակերպելու շուրջ՝ «Հրազդանմաշ» ՓԲԸ-ի հիմքի վրա, որը խորհրդային Հայաստանի արդյունաբերական խոշորագույն ձեռնարկություններից էր: 

Այժմ ձեռնարկությունը չի գործում, իսկ «Սուխոյը» Հայաստանում օդանավեր կառուցելու հարցն այլեւս չի դիտարկում:

Եվս մեկ օդանավաշինության նախագիծ, Բուլղարիայի հետ համատեղ, վերաբերում էր արտահանման համար նախատեսված մեկ շարժիչով օդանավերի կառուցմանը: Հայաստանը 2009թ. նախագիծն առաջարկեց մասնավոր ընկերությանը, բայց  այն չիրագործվեց: