Հայաստանի նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 19-ին, նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին եւ նրանց հանձնել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը: Մասնակցել են նաեւ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ եւ շրջանավարտներ:

Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ձեռնարկումներն ու առաջին ոգեւորիչ հաջողությունները:

«Տարեց-տարի ավելանում է հայ երիտասարդների ներկայությունը աշխարհի լավագույն բուհերում: Եվ այսօր այդ ներկայությունը բավականաչափ սոլիդ է: Ես ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական: Ինձ համար չափազանց կարեւոր է տեսնել ձեզ, անձամբ ծանոթանալ եւ զրուցել: Աշխարհի լավագույն բուհերում սովորելը, իմ կարծիքով, եւ՛ իրավունք է, եւ՛ հնարավորություններ: Իրավունքը վաստակում է երիտասարդն իր գիտելիքով, իր աշխատանքով, իսկ հնարավորություններ պետք է ստեղծեն ձեր մերձավորները, ձեզ շրջապատող մարդիկ, հասարակությունը, որտեղ դուք ապրում եք, պետությունը, իշխանությունները եւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեզ օժանդակել: Եվ այս պարագայում, այդ հնարավորությունները ձեզ համար ստեղծում է «Լույս» հիմնադրամը:

Մեր մեծ մտածողներից Ռաֆայել Պատկանյանը մտահոգություն էր հայտնում, որ դրսում գիտելիք ստացած երիտասարդները շատ դեպքերում հեռանում են մայր ժողովրդից եւ արագ ուծանում: Կարծում եմ, որ նա գտնում էր, որ աշխարհի լավագույն կենտրոններում գիտելիք ստացած մարդկանց համար ավելի հեշտ է ինտեգրվել օտար հասարակությանը, եւ շատ դեպքերում այդպես էլ տեղի էր ունենում:

Այս դահլիճում ներկա են նաեւ այն երիտասարդները, ովքեր «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ գիտելիք են ձեռք բերել լավագույն բուհերում, վերադարձել են Հայաստան եւ այստեղ նրանք աշխատում են, ապրում են լիարժեք կյանքով: Վստահ եմ, որ նրանց օրինակը շատ ավելի գրավիչ է: Այսօր դրսում լավ աշխատանք եւ ավելի լավ պայմաններ փնտրելու խնդիրը շատ ցավոտ է ընկալվում մեր հասարակության կողմից, մեր բոլորի կողմից եւ դրա հիմնական պատճառն այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակն է մեր հայրենիքում: Բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ այս գործընթացը երկարատեւ չի լինելու: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք զարգացման մեր ճանապարհին: Կասկած չունենաք՝ անցնելու է եւս որոշ ժամանակ, եւ շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք եւ այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում:

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներն ինձ համար հետաքրքիր են նաեւ այլ առումով: Ես վստահ եմ, որ դուք այն մարդիկ եք, ովքեր դրսում գիտելիք ձեռք բերելով՝ վաղը համալրելու եք մեր պետական կառավարման համակարգը: Չափազանց կարեւոր է, որ պետական համակարգում աշխատեն նվիրված, կոմպետենտ եւ իրենց ապագան լավ պատկերացնող երիտասարդներ: Յուրաքանչյուր երկրի հարստություն, առաջին հերթին, առողջ եւ կրթված երիտասարդներ են: Ես վստահ եմ եւ կրկնում եմ՝ մենք հավատում ենք ձեզ: Հավատում ենք, որ դուք գիտելիք ստանալով, ավելի եք ուժեղանալու, որովհետեւ մենք միշտ ասում ենք, որ գիտելիքը ուժ է, եւ ինքներդ ուժեղանալով, ուժեղացնելու եք մեր պետությունը, մեր հասարակությունը: Եվս մի խորհուրդ ունեմ ձեզ տալու. ես ձեզ հորդորում եմ կարդալ. կարդացե՛ք որքան հնարավոր է շատ: Կարդացե՛ք մեր դասականներին, կարդացե՛ք համաշխարհային դասականներին, կարդացե՛ք ժամանակակից գրականություն: Ես կասկած չունեմ, որ ցանկացած բարձրակարգ համալսարանում դասախոսները ծրագրերի միջոցով ի վիճակի են լիարժեք գիտելիք տալու, բայց դրանով մի բավարարվեք: Այդպիսի համալսարանում կարելի է դառնալ շատ լավ իրավաբան, շատ լավ մաթեմատիկոս, շատ լավ կառավարիչ, բայց հավատացեք, առանց կարդալու՝ անհնար է դառնալ լայնախոհ անհատականություն: Իսկ առանց լայնախոհության շատ դժվար է իրերն ու իրադարձությունները գնահատել այնպես, որպեսզի օգտակար լինի եւ՛ ձեզ՝ կոնկրետ անձին, եւ՛ այն հասարակությանը, որտեղ դուք ապրում եւ գործում եք», - «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է Սերժ Սարգսյանը: