Հայաստանում բնակվող սիրիահայերի 80%-ը ապրում է վարձով, նրանք այժմ մշտական կացարանի խնդիր ունեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակում հողատարածք է հատկացվել «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու համար, սակայն ՀՀ կառավարությունը եւ սիրիահայ ընտանիքները այս ծավալուն ծրագրի իրագործման համար ունեն ֆինանսավորման խնդիրներ:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ֆրանսիան Եվրամիության հիմնասյուն հանդիսացող երկրներից է, խնդրում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին օժանդակելու հարցում ԵՄ-ի ներգրավման համար: Օգնության նույն խնդրանքով դիմում եմ նաեւ Ֆրանսիայի կառավարությանը ընդառաջելու ակնկալիքով»,-ասել է նա:

Դեսպան Անրի Ռենոն իր խոսքում նշել է. «Ֆրանսիան երկար ժամանակ է ինչ Սիրիայի հարցի կարգավորման շուրջ լուծումներ է փնտրում, ինչպես նաեւ մեծ ուշադրություն է դարձնում Արեւելքի քրիստոնյաներին: Այս հարցերում մեր ցուցաբերած օժանդակությունը կրկնակի է, եւ որպես Եվրամիության անդամ երկիր, եւ որպես Ֆրանսիայի Հանրապետություն: Սիրիացի փախստականների համար մենք 700 միլիոն եվրոյի օգնություն ենք ցուցաբերել: Սիրիային անմիջական սահմանակից երկրներին 140 միլիոն եվրոյի օժանդակություն ենք հատկացրել, որից 100 միլիոնը Հորդանանին, քանի որ փախստականների զգալի մասը Հորդանանում են ապաստանել: Ուստի հասկանալով Ձեր առջեւ ծառացած խնդիրները ես անմիջապես իմ ղեկավար մարմիններին կփոխանցեմ Ձեր խնդրանքն ու առաջարկությունները, որոնք կարծում եմ կունենան արձագանք եւ կստանան աջակցություն»: