Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 5 բալանոց սանդղակով կարելի է գնահատել 2: Այս մասին այսօր`հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց այս գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրաված, գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «
Նա նշեց, որ պաշտոնատար անձանց կողմից հնչած հայտարարությունները միակողմանի մոտեցումներ էին` հօգուտ Խաչատրյանների: Հայկ Ալումյանը նկատեց, որ եթե կա մի կողմին օգնելու նպատակ, ապա դա երկու ճանապարհով են անում` կամ նրա արարքի հետեւանքները արհեստականորեն ավելի թեթեւ են ցույց տալիս, կամ արհեստականորեն ծանրացվում է մյուս կողմի մեղքը, այս պարագայում առաջին տեխնոլոգիան չի կարող կիրառվել, որովհետեւ հետեւանքները բոլորի համար պարզ են եւ այլեւս անհերքելի, հետեւաբար` նախաքննությունը գնում է երկրորդ տարբերակով:
Փաստաբանը ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ նախկին մարզպետի տանը տեղի ունեցած միջադեպին ոստիկանությունը ուշ է ժամանել, երբ բոլոր կրակոցները վերջացել են ու այնտեղ արդեն վտանգ չկա, որ կարող է իրենց ներկայությամբ հանկարծ մի հատ էլ կրակոց լինի:
Զինդատախազության կողմից հրապարակված զենքերի ցանկին եւս նա միանշանակ չի վերաբերում, ասելով, որ Գեւորգ Կոստանյանը հրապարկեց ոչ թե այն ցանկը, որը հայտնաբերել էր, այլ հրապարակեց այն ցանկը, որը Սուրիկ Խաչատրյանը հանձնել էր: Նա շեշտեց, որ եթե հայտնաբերմանն ուղղված գործողություններ կատարվեին, ինքը վախենում է, որ այդ ցանկը շատ ավելի մեծ լիներ»:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:




























