Հուլիսի 18-ին տրանսպորտի սակագնի բարձրացումն «ավետելիս» Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել էր իբրեւ թե տնտեսագիտական հաշվարկ, որով իբրեւ թե հիմնավորել էր միկրոավտոբուսների  եւ ավտոբուսների մեկ ուղեւորի փոխադրման սակագների  բարձրացումը։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Ըստ այդ հաշվարկի՝ ստացվել է, որ միկրոավտոբուսի դեպքում մեկ ուղեւորի փոխադրման սակագինը 144.9 դրամ է, իսկ ավտոբուսի դեպքում՝ 157.3 դրամ։ Իրականում «տնտեսագիտական հաշվարկ» հնչեղ անվանումով փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան բլեֆ։  Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանի մեթոդոլոգիայով, սակայն իրական ցուցանիշներով ուղեւորափոխադրման ինքնարժեքը հաշվարկելու դեպքում կոնկրետ միկրոավտոբուսի, այսինքն՝ երթուղային տաքսիների դեպքում սակագինը ստացվում է ոչ թե 144.9 դրամ, այլ 89,6 դրամ(ներառյակ 5 տոկոս շահույթը)։

Այսինքն, իրականում կարելի էր ոչ միայն չթանկացնել ուղեվարձը, այլ անգամ նվազեցնել 10 դրամով։ Երեւանի քաղաքապետարանում, բնականաբար շատ լավ տիրապետում են իրական ցուցանիշներին, սակայն չէին կարող իրական հաշվարկ կատարել, քանի որ դրանում պետք է ներառեին «գծի փող» կոչվող վճարը, որը միկրոավտոբուսների  վարորդները վճարում են երթուղիների տերերին։ Եթե քաղաքապետարանը հաշվարկում ներառեր այդ վճարը, կստացվեր, որ պաշտոնապես ոչ միայն աչք է փակում, այլ նաեւ հիմք է ընդունում վարորդներից ապօրինի գանձվող ու գծի տերերին գերշահույթ ապահովող գումարը։ Իսկ գծի տերերը, ինչպես հայտնի է, հիմնականում բարձրաստիճան հանրապետականներ ու պաշտոնյաներ են, այսինքն՝ Տարոն Մարգարյանի կուսակիցներն ու ընկերները։ Այդ պատճառով Երեւանի քաղաքապետարան կոչվող կառույցը ծիծաղելի հաշվարկ է հրապարակել, որի իմաստն այն է, որ քաղաքացիները պետք է լրացուցիչ 50 դրամ վճարեն՝ հանուն «հանրապետական ախպերության»»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):