Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մտադիր է մասնակցել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին: «Մենք կգանք ընտրություններին եւ կհաղթենք»,-հայտարարել է նա իր կողմնակիցներին, որոնք հավաքվել են Յարոսլավսկի կայարանում` հանդիպելու նրան Կիրովից ժամանող գնացքում:
Նավալնին ընդգծել է, որ իրեն ծանր նախընտրական քարոզարշավ է սպասվում եւ առաջիկա 7 շաբաթների ընթացքում ինքը մտադիր է համառորեն աշխատել:
Նախքան Նավալնիի ժամանելը, Յարոսլավսկի կայարանում ուժեղացվել են անվտանգության միջոցները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նախքան գնացքը կհասներ կայարան, ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդել, որ այնտեղ պայթուցիկ սարք է տեղադրվել: Ելնելով անվտանգության նկատառումներից` որոշում է կայացվել տարհանել ուղեւորներին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին է պատմել ոստիկանության աղբյուրը: Սակայն հետագայում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Նավալնին ազատ է արձակվել Կիրովի ՔԿՀ-ից: Նա դատապարտվել է 5 տարի ազատազրկման, սակայն դատավճիռն առայժմ ուժի մեջ չի մտել:




























