ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները կոչ են անում Հայաստանի ողջ ուսանողությանն ու երիտասարդությանը` միահամուռ եւ համախմբված կերպով պայքարել իր ոտնահարված իրավունքների համար:
Նրանց տարածած հայտարարությունում ասվում է.
«ՀՀ իշխանությունների կողմից վարած անհեռանկար քաղաքականության հետեւանքով երկրում ստեղծվել են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, որը հասարակության զգալի հատվածի, հատկապես երիտասարդության արտագաղթի պատճառ է հանդիսանում: Վերոնշյալ քաղաքականությանն ավելացավ իշխանությունների նոր որոշումը` կապված ուսման վարձավճարների եւ տրանսպորտի գների բարձրացման հետ, որով է′լ ավելի բարդացավ հանրության խոցելի հատվածներից մեկի` ուսանողության առանց այն էլ ոչ բարենպաստ պայմանները:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները, ելնելով երկրում տիրող անարդարությունից, ուսանողների իրավունքների անտեսման մտահոգությունից, տրանսպորտի գնի բարձրացման արդյունքում հանրության լայն զանգվածների դժգոհություններից, ինչպես նաեւ այն սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, որը վարում են ՀՀ իշխանությունները` կոչ են անում Հայաստանի ողջ ուսանողությանն ու երիտասարդությանը` միահամուռ եւ համախմբված կերպով պայքարել իր ոտնահարված իրավունքների համար:
Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում միանալ մեր կողմից քաղաքային իշխանություններին` Երեւանի ավագանուն հասցեագրված այն պահանջներին, որոնք երկուշաբթի` հուլիսի 22-ին, ժամը 15.00-ին կներկայացվեն քաղաքապետարան»:





























