Եթե երեւանցիները չեն ցանկանում երթեւեկել տրանսպորտային թանկ սակագներով, պետք է բոլորը շարունակեն նախկին գումարը վճարել՝ 100 դրամ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, հայտարարել է «Հասարակական տրանսպորտը 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Լուսինե Մնացականյանը։
Ըստ նրա՝ երեկ երեկոյան նախաձեռնության կողմնակիցները երկու խմբի բաժանված այսօրվա թանկացումների դեմ ուղղված թռուցիկներ են տարածել։
«Բոլորս միասին պետք է հայտարարենք, որ տրանսպորտի ուղեվարձը նույնն է։ Եվ ոչ ոք իրավունք չունի պահանջելու լրացուցիչ վճար, որը ոչ ոք ի վիճակի չի հիմնավորելու։ Իսկ մեր խոցելի խմբերը՝ Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքները, թոշակառուները եւ ուսանողները, 50%-անոց զեղչի իրավունք պետք է ունենան»,-– հայտարարել է Լ. Մնացականյանը։
Հիշեցնենք, այսօրվանից Երեւանում երթուղային տաքսիների եւ ավտոբուսների ուղեվարձը թանկացել է հիսուն տոկոսով (150 դրամ՝ 100-ի փոխարեն), իսկ տրոլեյբուսներինը՝ հարյուր տոկոսով (100 դրամ՝ 50-ի փոխարեն)։





























