Վրաստանում հորդառատ անձրեւների պատճառով Ուրեկիում եւ Շեկվետիլիում ջրհեղեղներ են: Ջուրը հասել է բնակելի տներին` վնասելով կահույքն ու էլեկտրոնիկան, սատկել է ընտանի թռչուն, փողոցում կայանված ավտոմեքենաները լողում են ջրում:

Տեղացիների խոսքով` արեւածագին բնակելի տներում ջրի մակարդակը հասել է 1 մետրի: Ամբողջ գիշերվա ընթացքում աղետի գոտում աշխատել են վրացի փրկարարները: Ներկայումս Ուրեկին զուրկ է էլեկտրականությունից, հաղորդում է «Ինտերպրես Նյուզը»:

Տեղի բնակիչների խոսքով` հորդառատ անձրեւների հետեւանքով ափերից դուրս են եկել գետերը, որոշ հատվածներում սողանքներ են նկատվել: Կա վտանգ, որ դրանք կարող են ոչնչացնել տները: «Հորդառատ անձրեւը չի դադարում արդեն երեք ժամ, ջուրը տարել է այն ամենը, ինչ մենք ունեինք»,-ասել է աղետից տուժածներից մեկը: