Մախաչկալայում փոխհրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել: Նրանցից մեկը բենզալցակայանի սեփականատեր Ջանայ Շեյխովն է, մյուսը՝ նրա զարմիկ Ջամբուլաթը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ սրճարաններից մեկում սկսված վիճաբանությունը փոխհրաձգության էր վերաճել, սակայն իրականում միջադեպը տեղի է ունեցել սրճարանի դիմացի բենզալցակայանում:

Հանցագործները մոտեցել են լցակայանին եւ սպանել դրա սեփականատիրոջն ու նրա զարմիկին: Այնուհետեւ նրանք առեւանգել են բենզալցակայանին մոտեցած «Վոլգա» ավտոմեքենան, սակայն մի քանի թաղամաս անցնելուց հետո այն թողել են ու հեռացել:

Ոստիկանները ստուգում են դեպքի վայրը:

Հարձակմանը զոհ դարձածների մտերիմները «Ինտերֆաքսին» հայտնել են, որ տարվա սկզբին Ջանայ Շեյխովը համակարգչային կրիչ (ֆլեշկա) է ստացել, որտեղ սպառնալիքներ եւ պահանջնել են եղել՝ կլորիկ գումար վճարել ջիհադի կարիքների համար: Քննության տվյալներով՝ նա հրաժարվել է: