Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է Սուբ Սարգիս եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպին, որտեղ քաշքշուկ էր տեղի ունեցել եւ պատռել էին Վահրամ սարկավագի վերնաշապիկը:

ՄԻՊ-ի հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Քիչ առաջ Մարդու իրավունքների Պաշտպանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ  Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել  միջադեպ: «Արարատ» երիտասարդաց  միության անդամները  Վահրամ  Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, ակցիա կազմակերպել, սակայն, խոչընդոտվել  է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել  է, որ  իրենք փորձել են բարձրախոսներ տեղադրել, ինչի արդյունքում  Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադեւոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել եւ  պատռել նրա հագուստը:

Վահրամ  Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի խոսքով, իրենք դիմել են  միջադեպից հետո այնտեղ  գտնվող  ոստիկաններին, սակայն վերջիններիս  կողմից միջոցներ  չեն ձեռնարկվել: 

Այս ամենի կապակցությամբ Վահրամ սարկավագը  դիմում է  ներկայացրել Պաշտպանին, որը հրատապ կերպով ընդունվել է վարույթ եւ առաջիկա օրերին կլինի Պաշտպանի արձագանքը»: