Հայաստանի ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը հետազոտում է MC-21 նոր օդանավի թեւի համար կոմպոզիտային նյութերի ամրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահրամ Հակոբյանը: Համագործակցության համաձայնագիրը կնքվել է ԳԱԱ-ի եւ «Միացյալ ավիաշինարարական կորպորացիա» ընկերության միջեւ Երեւանում ստորագրված հուշագրի շրջանակներում:
МС-21 օդանավերի արտադրությունը նախատեսվում է սկսել 2018 թվականին: Նոր մոդելները մշակվում են «Իրկուտ» ընկերության դուստր ձեռնարկությունում՝ «ՕԱԿ»-ում:
«Պատրաստի կոմպոզիտները «Միացյալ ավիաշինարարական կորպորացիա»-ն գնում է Եվրոպայից: Մեր խնդիրն է տեսականորեն հաշվարկել դրանք մետաղական կմախքին միացնելու օպտիմալությունը: Դրանից հետո մենք կստուգենք մեր հաշվարկները պրակտիկայում, բնականաբար օդանավի թեւի ոչ իրական չափսերով»,-ասաց գիտնականը:
Ծրագիրը նախատեսված է 1,5 տարվա համար, մինչեւ 2014-ի վերջը: 2017-2036 թվականներին նախատեսվում է 400 հատ МС-21-200 եւ 560 հատ МС-21-300 օդանավեր արտադրել, որոնցից 620-ը կլինի հեռավոր արտասահմանի, իսկ 340-ը՝ ԱՊՀ-ի համար:




























