Դամասկոս նահանգի Ադրա քաղաքի շրջակայքում բանակային ստորաբաժանումները ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Ջեբհաթ Ան-Նուսրա» խմբավորման մեծ թվով գրոհայինների են ոչնչացրել:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ բանակայինները հետապնդել են Ադրա մտնել փորձող ահաբեկիչներին: Զինվորականները թակարդ են կազմակերպել, ինչի հետեւանքով տասնյակ ահաբեկիչներ սպանվել, վիրավորվել եւ պատանդ են ընկել: Առգրավվել է նրանց զենքը՝ ինքնաձիգներ, հակատանկային նռնակներ եւ գնդացիրներ: Գրոհայինների մոտ եգիպտական եւ հորդանանյան անձնագրեր են գտնվել:
Միաժամանակ կառավարական զորքերը շարունակում են «Հյուսիսային փոթորիկ» խոշոր գործողությունը՝ ուղղված երկրի տնտեսական մայրաքաղաք հայաշատ Հալեպը գրոհայիններից ազատագրելուն: Համաձայն պաշտոնական վերջին տվյալների՝ Հալեպի Քարմ Ալ Ջաբել թաղամասում բանակային ստորաբաժանումները վերացրել եւ վնասել են «Ջեբհաթ Ան Նուսրա» խմբավորման շատ գրոհայինների՝ կանխելով ապահով թաղամասեր գնալու նրանց փորձը:
Ար Ռաշիդին թաղամասի ծայրամասում զինվորականները մարտի են բռնվել գրոհայինների խմբերի հետ՝ շատերին ոչնչացնելով: Նույն թաղամասի «Աֆրիկանո» ռեստորանի մոտ զինծառայողները պայթեցրել են «Ջեբհաթ Ան Նուսրա» խմբավորման կայանը՝ զենքով եւ ռազմամթերքով հանդերձ: Շեյխ Մասքուդ, Բուսթան Ալ Քասր թաղամասերում, Հին քաղաքում եւ Օմեյադով մեծ մզկիթի տարածքում մեծ թվով գրոհայիններ են ոչնչացվել:




























