Առողջապահության համաշխարհային կազմակերպության թվյալներով՝ Հնդկաստանում տվյալ պահին կա 19 մլն ամուլ զույգ, որոնց թիվն անընդհատ աճում է: Այդ ընտանիքների մեծ մասն արհեստական բեղմնավորման համար նախընտրում է կրթված, բաց մաշկով եւ երկնագույն աչքերով դոնորի: Այս մասին հաղորդում է The Times of India-ն:

Վերարտադրողական կենտրոնների փորձագետները հայտարարում են, որ «պատվերով» երեխա ստանալը դժվար է եւ թանկարժեք: Մումբաիից անպտղությունը բուժող բժիշկ Անջալի Մալպանին ասում է, որ ընթացակարգը բարդանում է մեծաքանակ պայմանագրերի եւ համաձայնագրերի պատճառով, փոխանցում է Russia Today-ը:

Հնդիկների համար հաճախ որպես դոնոր են հանդես գալիս կամ Արեւելյան Եվրոպայի տարբեր ազգերի ներկայացուցիչներ կամ ծնունդով իսպանացիներ: Եվրոպացի դոնորներին վճարում են 1-5 հազար դոլար: Բրիտանացիները ստանում են 750 ֆունտ ստերլինգ, իսկ կանադացիներն առհասարակ ֆինանսական փոխհատուցում չեն ստանում, քանի որ դա արգելվում է պետության կողմից:  Սակայն ոչ բյուրոկրատիան, ոչ լուրջ ֆինանսական ծախսերը չեն նվազեցնում հնդիկ զույգերի՝ բաց մաշկով երեխաներ ունենալու ձգտումները: