ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է սերիական մարդասպանի, որն Օհայոյում կանանց էր «որսում»՝ գտնվելով քլիվլենդյան մեկ այլ մոլագարից ստացված «քաջագործությունների» տպավորությունների ազդեցության տակ, փոխանցում է Fox News-ը:
35-ամյա Մայքլ Մեդիսոնը ձերբակալվել է հուլիսի 19-ին՝ Իսթ-Քլիվլենդում առաջին զոհի մարմնի հայտնաբերվելուց հետո: Հետագայում հայտնաբերվել են եւս երկու կանանց մարմիններ, որոնք սաղմի դիրքում են թողնվել:
Դատաբժշկական փորձաքննությունը սահմանել է, որ կանայք մահացել են նրանց մարմինները հայտնաբերելուց 6-10 օր առաջ: Զոհերի անձն ու նրանց մահվան հանգամանքները ճշտվում են: Դրա համար կպահանջվի մոտ 1 շաբաթ, քանի որ մարմինները խիստ վնասված են:
Կիրակի օրը ոստիկանությունն ու տեղի բնակիչները խուզարկել են մոտ 50 լքված տներ, որտեղ կարող էին պահվել ենթադրյալ զոհերը, սակայն ոչինչ չեն հայտնաբերել, փոխանցում է CNN-ը:
Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը հայտարարել է, որ հանցագործություններն իրականացնելիս ոգեշնչվել է 53-ամյա Էնթոնի Սոուելի պատմությունից: 2007-2009թթ ընթացքում նա սպանել է ավելի քան 10 կնոջ:



























