Սաուդյան Արաբիայում եթեր կհեռարձակվի հատուկ կանանց համար առաջին հեռուստաալիքը, որը, մասնավորապես, նպատակ ունի ցրել արաբ եւ ընդհանրապես մահմեդական կանանց մասին տարածված կարծրատիպերը, հաղորդում է Arab News-ը:
Հեռուստաալիքը, որի անունը դեռ հայտնի չէ, եթեր դուրս կգա 2014 թվականին: Գաղափարը պատկանում է Ideas Arabia Limited ընկերությանը: Նոր հեռուստաալիքում միայն կանայք են աշխատելու: Ծրագրերը կպատմեն Սաուդյան Արաբիայում կանանց կյանքի տարբեր դրական ասպեկտների մասին: «Հեռուստատեսության նպատակն է պատմել արաբ կանանց ավանդույթների, մշակույթի, կրթության եւ արհեստների մասին, ինչպես նաեւ լուսաբանել այն խնդիրները, որոնց բախվում են Սաուդյան Արաբիայի կանայք: Հեռուստաալիքն ամբողջությամբ կհամապատասխանի իսլամական օրենքներին եւ կբարձրացնի կանանց շրջանում լուսավորության մակարդակը»,-ասել է հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աբդուլլահ ալ-Նազավին, հաղորդում է Lenta.ru-ն:
«Կանայք մեր հասարակության մի մասն են, եւ մենք չենք կարող անտեսել նրանց եւ նրանց պահանջմունքները»,-հավելել է ալ-Նազավին:
Սաուդյան Արաբիայում, որտեղ իսլամը գերիշխող կրոնն է, կանանց իրավունքները խիստ սահմանափակված են: Երկար ժամանակ կանանց արգելվել է մասնակցել երկրի քաղաքական կյանքին, եւ միայն 2011 թվականին թագավոր Աբդուլլահը կանանց քվեարկելու եւ ընտրվելու իրավունք է ընձեռել:



























