Հայտնի է, որ ընտանիքի սոցիալ-տնտեսական կարեւորագույն գործառույթներից մեկը բնակչության վերարտադրությունն ու երեխաներին կրթության հնարավորություն տալն է՝ հետագայում աշխատանք գտնելու համար: Այս տեսանկյունից էլ դիտարկենք Հայաստանի միջին ընտանիքի ֆինանսական հնարավորությունները: Միջին կարելի է համարել ընտանիքը, որտեղ աշխատանքով ապահովված ծնողները ստանում են միջին աշխատավարձ, իսկ երեխաներից մեկը դպրոցական է, մյուսը՝ ուսանող: Պաշտոնական տվյալներով, այս տարվա հունիսի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 144.336 դրամ: Պարտադիր հարկերն ու վճարումները կատարելուց հետո այդ ընտանիքն ընդհանուր առմամբ 217.5 հազար դրամ եկամուտ է ունենում:

Քանի որ եկամուտն ընտանիքի մեկ անդամի համար 1.2 անգամ գերազանցում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի սպառողական զամբյուղի արժեքը, նշանակում է՝ այն պատվավոր «ոչ աղքատ» կարգավիճակն ունի: Բացի այդ, միջին աշխատավարձը նշանակում է նաեւ «միջին դասին» պատկանելություն:

Միջին դասի ներկայացուցիչը պետք է ապրանքներից եւ ծառայություններից լիարժեք օգտվելու ֆինանսական հնարավորություն ունենա, որը ներառում է հարմարավետ բնակարան (նշված միջին դասի պարագայում՝ առանց հյուրասենյակի, պահանջվում է 3 ննջասենյակ) եւ անձնական ավտոմեքենա: Ցանկալի է, որ մեքենա ունենա ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամ: Հիմա տեսնենք, թե ինչպիսի հնարավորություններ ունի մեր միջին ընտանիքն իրականում:

Նման եկամուտի պարագայում ավտոմեքենան եւ հարմարավետ բնակարանը (եթե այն ժառանգություն չի մնացել տատիկից ու պապիկից) անմիջապես նշենք որպես ակնհայտորեն անիրական: Դիտարկենք միայն երեխաների ուսման հնարավորությունները: Դպրոցում ուսումն անվճար է: Իսկ ահա ԲՈՒՀ-ում սովորելու համար պետք է վճարել, եթե անվճար հիմունքով սովորելու բախտ չի վիճակվել:

Նախ հաշվարկենք սննդի ծախսը: Նվազագույն սպառողական զամբյուղի մասին բազմիցս է խոսվել, այդ պատճառով կշրջանցենք այս հարցը: Եվ այսպես, հանելով սննդի ծախսը՝ ընտանիքին մնում է 113.1 հազար դրամ:

Բնական գազի միջին ամսական ծախսը վերջին թանկացումներից հետո ավելացել է 1.8 հազար, իսկ էլեկտրաէներգիայինը՝ 1.6 հազար դրամով: Ընդհանուր առմամբ, այս էներգակիրների միջին ամսական ծախսը կազմում է 19.3 հազար դրամ: Այս վճարումները կատարելուց հետո ընտանիքին մնում է 93.8 հազար դրամ:

Անցնենք հասարակական տրանսպորտի թանկացած ծախսերին այն ընտանիքների համար, որոնք ապրում են մայրաքաղաքում: Նախ ընդունենք, որ տրանսպորտից օգտվում են միայն ծնողները, միայն աշխատանքային օրերին (միջինը՝ ամսական 22 օր): Աշխատավայր հասնելու եւ տուն վերադառնալու համար մեծահասակները 4.4 հազար դրամ թանկացումների արդյունքում ծախսում են 13.2 հազար դրամ ամսական: Ընտանեկան բյուջեն դրանից հետո կրճատվում է՝ հասնելով 80.6 հազար դրամի:

ԲՈՒՀ-ի ուսման վարձը բաժանելով ամիսների՝ ստանում ենք 35.6 հազար դրամ ամսական: Ավելացնում ենք 6.6 հազար դրամ՝ ԲՈՒՀ հասնելու համար: Այս ամենից հետո «միջին» ընտանիքի բյուջեն հասնում է 38.4 հազար դրամի: Եվ սա առանց խմելու ջրի, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի ու այլ վարձավճարների:

Եվ այսպես, տեսականորեն կարելի է ուսանող պահել կիսաքաղց ապրելու, առանց ալկոհոլի եւ ծխախոտի, ոչ աշխատանքային օրերին հասարակական տրանսպորտից չօգտվելու, հյուր չընդունելու եւ հյուր չգնալու հաշվին: Հարկավոր է մոռանալ նաեւ սրճարանների, առավել եւս՝ ռեստորանների մասին: Չպետք է երազել նաեւ արձակուրդի մասին (արտերկրի մեկ ուղեգիրն արժե ավելի քան 274 հազար դրամ):

Մնացած գումարով, որն ամսական համարժեք է 100 ԱՄՆ դոլարին, պետք է կարողանալ գնել հագուստ եւ կոշիկ, կենցաղային ապրանքներ, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, հոգալ առողջության հետ կապված ծախսերը:

Կարծում ենք, որ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուները հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու մասին որոշում կայացնելուց առաջ պետք է ծանոթանային այս վիճակագրությանը: Բայց չէ՞ որ բացի «միջինից», մայրաքաղաքում մեծ թվով «աղքատ» եւ «շատ աղքատ» ընտանիքներ կան:

Ի դեպ, ամենահամեստ հաշվարկներով, միայն միկրոավտոբուսների պարագայում թանկացումների արդյունքում գծատերերի եկամուտը երկու ամսում (հուլիս եւ օգոստոս) կկազմի շուրջ 1 մլրդ դրամ: Գուցե այդ կբավարարի՞ նրանց ախորժակը եւ ուսումնական տարվա սկզբին նրանք կվերադառնան նախկին սակագնին:

Ալբերտ Խաչատրյան

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am