Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զորամասերից մեկում հուլիսի 22-ին, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վնասվածքից մահացած  զինծառայող, 1994թ-ին ծնված Նարեկ Հովսեփյանը ծնունդով Վանաձորից էր, բանակ էր զորակոչվել նախորդ տարվա աշնանը: NEWS.am-ի Լոռիի թղթակիցն այցելել է Նարեկ Հովսեփյանի բնակարան, որտեղ որոշ մանրամասներ են հայտնի դարձել կատարվածի վերաբերյալ:

Թղթակցի հետ զրույցում զինվորի հարազատները պատմել են, որ իրենք կատարվածի մասին որևէ հստակ տեղեկություն չունեն, միայն գիտեն այն, որ երեկ եկել և իրենց ասել են, որ իրենց տղան բանակում մահացել է: «Նորմալ չեմ հիշում ինչ են ասել, միայն հիշում եմ, որ ասին զինավարժության ժամանակ հետի տղեն կրակել ա, թե պատահական իրան ա կպել, չգիտեմ…չեմ հիշում»,- նշեց Նարեկի մորաքրոջ աղջիկը` Ալիսա Պապոյանը:

Մորաքրոջ դստեր պատմելով՝ տղան սովորել է Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցում, բանակ էր զորակոչվել 2012թ. նոյեմբերին: Մահացած զինվորի ծնողները տղայի բանակ զորակոչվելուց հետո եղբոր հետ մեկնել էին Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: Հայաստանում մնացել էին Նարեկն ու նրա քույրը, ով ամուսնացած է:

Կատարվածի մասին ծնողներն իմանալուն պես արդեն վերադարձել են Հայաստան: Բակում հավաքված հարևանները պատմում էին, որ Նարեկը բազմաթիվ երազանքներ ուներ: Տանը բնակվել են ինքը, քույրն ու եղբայրը, քույրը ամուսնացել է, կատարված ողբերգության մասին նրան դեռ ոչինչ չեն հայտնել:

Հարազատներն ու տան բակում հավաքվածները ավելին հայտնել չցանկացան՝ խնդրելով չանհանգստացնել իրենց:

Բակում տարածված խոսակցությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել զորավարժություններից հետո (որոշ մասի պնդմամբ՝ նաև ընթացքում): Ըստ այդմ, ծառայակից ընկերը պատահաբար կրակել է` չնկատելով դիմացը կանգնած Նարեկին: Մեկ ուրիշն էլ նշեց, որ դեպքը տեղի է ունեցել զենքը մաքրելու ժամանակ, երբ կրակողը չիմանալով, որ զենքի պահեստատուփի մեջ փամփուշտ է մնացել, անզգուշությամբ  կրակել է: Խոսակցությունների համաձայն, կրակողը Չարենցավան քաղաքից է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, հուլիսի 22–ին, ժամը 12:30-ի սահմաններում, տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Նարեկ Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: