Հուլիսի 25-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ժամանակավորապես կասեցրել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշման գործողությունը, միաժամանակ հայտարարել է, որ 100 դրամ սակագնի պարագայում անհնար է «քաղաքակիրթ տրանսպորտ» ապահովել: Սակայն գոյություն ունեցող պայմաններում «քաղաքակիրթ տրանսպորտ» ապահովելն անհնար է նույնիսկ 1.000 դրամ սակագնի դեպքում:
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հիմնական խնդիրը ոչ թե սակագնի չափն է, այլ այն, որ կարեւորագույն այս սոցիալական ոլորտը վերածվել է մի քանի «գործարարների» սնուցող գործիքի:
Շատ քիչ ապրանքներ ու ծառայություններ կան, որոնք այդչափ կայուն եւ պատկառելի օրական եկամուտ կարող են ապահովել: Ընդ որում՝ առանց կոմերցիոն ռիսկի, որը հատուկ է ձեռնարկատիրական այլ գործունեությանը:
Մինչեւ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը չգործի որպես միասնական օրգանիզմ, այս բնագավառում որեւէ նշանակալից առաջընթաց չի լինի: Անկայուն հիմքի վրա անհնար է հզոր տուն կառուցել. այս ոլորտում քաղաքապետարանի բազմամյա անհեռանկարային քաղաքականությունը փակուղի է մտել:
Հասարակական տրանսպորտի ոլորտում արդյունավետ եւ հեղափոխական քայլ կլինի մասնավոր տրանսպորտային ձեռնարկությունների ազգայնացումը՝ միկրոավտոբուսների եւ ավտոբուսների ամբողջ պարկով: Այս տարբերակի դեպքում կարելի է մրցութային եղանակով տրանսպորտային միջոցները վարձույթով տրամադրել, բայց ոչ թե մի քանի ձեռնարկատերերի, այլ միայն մեկ ընկերության:
Իսկ «գծատերերն» ընդամենը կկորցնեն իրենց «անշահավետ» (ինչպես ներկայում պնդում են) բիզնեսը եւ կազատվեն գլխացավից: Նշենք, որ հասարակական տրանսպորտի ոլորտի ռուսական փորձագետներն ու մասնագետները հավաստում են, որ ԳԱԶԵԼ մակնիշի մեքենաների շահագործումը 2-3 տարվա ընթացքում ծածկում է ծախսերը: Այնպես որ, «գծատերերը» ներկայում մաքուր եկամուտ են ստանում:
Սմբատ Գրիգորյան





























