Նույն օրը, երբ Երեւանի վերգետնյա հասարակական տրանսպորտի «նոր» սակագինը չեղյալ համարվեց, տեղեկատվություն եղավ քաղաքից դուրս գծերի սակագների հնարավոր թանկացումների մասին: Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ միջքաղաքային եւ միջմարզային 170 երթուղիներից 7-8-ում հնարավոր է ուղեվարձի 10-12% թանկացում: Սակայն հարցը դեռ բանակցությունների փուլում է տրանսպորտային ընկերությունների հետ:
Նախարարը դա բացատրում էր նրանով, որ ժամանակին ընկերությունները մրցույթները շահել էին` վերոնշյալ 7-8 երթուղիները բարձր սակագներով շահագործելու համար, սակայն մրցույթներից հետո գործնականում աշխատել էին ցածր դրույքաչափերով:
Ներկայումս նրանք «հիշել» են մրցույթի ժամանակ հայտարարված սակագների մասին, եւ նախարարությանը խնդրել հաստատել դրանք:
Նշենք, որ թեեւ մայրաքաղաքում եւս շարքային ընտանիքների վիճակը նախանձելի չէ, սակայն մարզերում վիճակն ավելի ծանր է: Ըստ պետական վիճակագրության` 2011 թ-ին Երեւանում միջին սպառողական գները ընտանիքի մեկ անդամի հաշվարկով ամսական կազմել են մոտավորապես 42,2 հազար դրամ: Մարզերից երեւանյան ցուցանիշին առավել մոտ է Վայոց ձորը` 33,6 հազ. դրամով: Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Կոտայքում` 22,7 հազ. դրամ:
Դիտարկենք միջքաղաքային ավտոբուսների գները այն քաղաքների մասով, որոնց համար գների մոնիտորինգ է իրականացվում: Ընթացիկ տարվա հունիսի տվյալներով` ամենաթանկը Վանաձորրի դեպքում է ստացվում`միջինը 1200 դրամ: Այսինքն, մեկ այլ քաղաք աշխատանքի գնալու դեպքում ամսական տրանսպորտային ծախսերը միջինը կկազմեն 52,8 հազ. դրամ:
Հաջորդը Մարտունին է` միջինը 1000 դրամ սակագնով, երրորդը` Եղեգնաձորը` 700 դրամով: Առավել ցածր սակագինը արձանագրվել է Արտաշատում` 200 դրամ եւ Վաղարշապատում` 220 դրամ:
Միջքաղաքային միկրոավտոբուսների մասով առավել բարձր սակագինը Կապանի դեպքում է `3,5 հազ. դրամ, այնուհետեւ 1,2 –ական հազ. դրամով հաջորդում են Վանաձորը, Մարտունին եւ Եղեգնաձորը:
Սակագնի 12% բարձրացումն այն քաղաքացիների համար, որոնք դեպքից դեպք են օգտվում տրանսպորտից, սկզբունքորեն էական չի լինի: Սակայն մարզերի ուսանողների, մյուս քաղաքներում աշխատող քաղաքացիների համար այն զգալի կլինի...
Ալբերտ Խաչատրյան





























