Հայաստանում հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50 %-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, Հեպատիտների համաշխարհային օրվան ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում նշեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հեպատոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100000 բնակչի հաշվարկով 2008թ. եղել է 25.7, իսկ 2012-ին` 3.0: Արձանագրված հեպատիտ Ա-ի եզակի դեպքերի օջախներում կազմակերպված եւ իրականացված կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ (համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ) տեղային բռնկումներ չեն արձանագրվել:

Հայաստանում դիտվում է նաեւ վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` 100000 բնակչի հաշվարկով 2008թ. 3.4, 2012-ին` 1.9: Եթե մինչեւ պատվաստումների իրականացումը եւ մեծահասակների, եւ մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5 %, ապա 1999թ. պատվաստումներից հետո հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում ` 98 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.1-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարեւորության եւ դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում:

Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա վերջինս շարունակում է հիմնախնդիր մնալ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել են հեպատիտների տարածվածության ընտրանքային հետազոտություններ ռիսկի խմբերում։ Պարզվել է, որ հետազոտված առողջ բնակչության շրջանում գրանցվել է հեպատիտ Բ-ով եւ Ց-ով վարակվածության ցածր մակարդակ: Համաձայն այդ հետազոտությունների` հեպատիտներով վարակվածության համեմատաբար բարձր ցուցանիշ է արձանագրվել տուբերկուլոզով հիվանդների շրջանում:

ՀՀ առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցառումներ է իրականացնում հետագայում վիրուսային հեպատիտների կանխարգելումն եւ դրանց դեմ պայքարն առավել համակարգված եւ արդյունավետ դարձնելու նպատակով:

Նշենք, որ տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի շուրջ 1.4 մլն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` երկրագնդի բնակչության 2-7%-ի մոտ առկա է հեպատիտ Բ-ի վիրուսակրություն։ Նրանցից 240 մլն-ը հիվանդ են հեպատիտ Բ-ի քրոնիկ ձեւերով: Յուրաքանչյուր տարի շուրջ 600 հազար մարդ է մահանում սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ի հետեւանքներից: Հեպատիտ Բ-ի վիրուսը, որպես քաղցկեղի առաջացման պատճառ, 2-րդ տեղում է ծխելուց հետո: Աշխարհի ազգաբնակչության 150 մլն-ից ավելին վարակված է հեպատիտ Ց-ով, եւ տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք:

Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետեւանքներից: Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ Ա-ի եւ Բ-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռեւս շարունակվում են: Այս հիվանդությունների կանխարգելումը եւ բուժումը զգալի ներդրումներ է պահանջում, ուստի բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների առողջությանը եւ տնտեսությանը հասցրած վնասը մեծ բեռ է բազմաթիվ երկրների համար:

2010-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի կողմից ընդունված վիրուսային հեպատիտների` մասնավորապես Բ-ի եւ Ց-ի մասին որոշումը ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ, եւ իր հետագա աշխատանքներն իրականացրել եւ իրականացնում է այդ համատեքստում: