«Nabran Holiday Village» հանգստյան կենտրոնի ակվապարկում կատարվածի փաստով, որի հետեւանքով երկամյա Իմրան Ջաֆարզադեն լուրջ վնասվածքներ էր ստացել, ձերբակալել են երեք մարդու: 

Այս մասին հայտնում է «Թրենդը»` վկայակոչելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ այդ փաստի առնչությամբ  «CTF» ընկերության եւ  «Nabran Holiday Village» հանգստյան կենտրոնի տնօրեն Ռաշադ Զարբալիեւի, հանգստյան կենտրոնի վարձակալ  Ֆիրդովսի Իսմայլովի եւ լողավազանն սպասարկող Ասլան Հաջիմամեդքերիմովի նկատմամբ ըստ ՔՕ-ի 314.2 հոդվածի` խափանման միջոց է կիրառվել կալանքը: 

Հուլիսի 21-ին երկամյա Իմրան Ջաֆարզադեն «Nabran Holiday Village»-ի ակվապարկում ծնողների եւ հանգստացողների աչքի առաջ հայտնվել էր լողավազանի պոմպային համակարգում:  Պաշտպանիչ ճաղավանդակի  բացակայության պատճառով երեխայի երկու ոտքն էլ խողովակը ներս էր քաշել, ինչի հետեւանքով տղան մարմնական ծանր վնասվածքներ էր ստացել: Տղայի երկու ոտքերն էլ կտրվել էին: