Ավստրիայի Վոլֆսփասինգի բնակիչները երկար տարիների ուշադրություն չեն դարձրել զանգի վրա, որը տեղի ամրոցի զանգակատնից ժամերն էր ազդարարում։ Այժմ ամեն ինչ փոխվել է. տեղի պատմաբանները հայտնաբերել են, որ զանգը նվիրված է եղել Ադոլֆ Հիտլերին։ Նացիստական նշանագրությամբ պատված զանգը Վոլֆսփասինգի զանգակատանն ամրակցվել էր հեռավոր 1938-ին, երբ Հիտլերը Ավստրիան միացրեց Երրորդ ռեյխին։
Զանգի վրայի գրվածի բովանդակությունը Հիտլերի գովաբանությունն է, որը ծնունդով Ավստրիայից էր, նշում է Associated Press-ը։ Նրան հիշատակում են իբրեւ «Գերմանիան միավորողի», որն Ավստրիան կմաքրի «օտարածին տարրերից»։
Զանգն ամրոցում կախված է մնացել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում եւ դաշնակիցների հաղթանակից հետո։ Դրա ղողանջը լսում էին խորհրդային զինվորները, որոնք 1945թ. մայիսին հաստատվել էին Վոլֆսփասինգի ամրոցում, գրում է Russia Today-ը։
Զանգն անխաթար իր գործառույթը կատարում էր մինչեւ վերջերս՝ ազդարարելով ժամերը։ Հնարավոր է, այն դեռ երկար կաշխատեր, եթե Ավստրիայի կառավարությունը Վոլֆսփասինգի ամրոցը վաճառելու որոշում չկայացներ։
Երբ ամրոցի սեփականատեր է դարձել Թոբիաս Հուֆնագլը, այնտեղ են եկել տեղի պատմաբաններն ու լրագրողները: Նրանք հայտնաբերել են զանգը, որն իսկույն անվանել են «Հիտլերի զանգ» (Fuehrerglocke): Այն դարձել է տեղի սենսացիան:





























