Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 2013թ. սեպտեմբերին կվաճառի լոնդոնյան մետրոյի լքված Brompton Road կայարանը, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին Լոնդոնի հակաօդային պաշտպանության բունկերն էր, գրում է The Telegraph-ը:

The Daily Mail-ը գրում է, որ 2600 քմ ընդհանուր մակերեսով շենքի վաճառքից նախատեսվում է ավելի քան 20 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ: Գերատեսչությունում կարծում են, որ կենտրոնական դիրքի շնորհիվ օբյեկտը մեծ պահանջարկ կվայելի:

Brompton Road կայարանը բացվել էր 1906թ. Քենսինգթոնում: 1934թ. ուղեւորների սակավաթվության պատճառով այն որոշել էին փակել, իսկ չորս տարի անց պաշտպանության նախարարությունը ձեռք էր բերել շենքը՝ բոլոր ստորգետնյա հաղորդուղիներով, բացառությամբ պլատֆորմի եւ ուղիների, որոնք պատկանում են մետրոպոլիտենին: Պատերազմի տարիներին Brompton Road-ում Առաջին հակաօդային դիվիզիայի շտաբն էր տեղակայված: Հետագայում շենքը կադետների համար հանրակացարան էր ծառայում, գրում է Lenta.ru-ն:

Brompton Road-ի վաճառքը պաշտպանության նախարարության ծախսերը նվազեցնելու ծրագրի մասն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերատեսչությունը մտադիր է 100 մլն ֆունտ ստեռլինգով վաճառել այսպես կոչված Old War Office Building-ը: Ուայթհոլ փողոցի այդ շենքը մտադիր են բարձրակարգ հյուրանոցի վերածել: