Տիգան Համբարձումյանի հետ ամուսնության 13 տարիների ընթացքում Տաթեւ Նիկողոսյանը ամուսնու կողմից բազմիցս բռնության է ենթարկվել: Այս մասին հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ Արագ արձագանքման խմբի համակարգող Լիդա Մինասյանը:
«Տաթեւիկը քանիցս առանձին ապրելու եւ բռնությունն այլեւս չհանդուրժելու փորձեր է արել, սակայն ինչպես բազմաթիվ դեպքերում, ամուսինը համոզել է նրան պահպանել ընտանիքը: Արդյունքում՝ բռնությունը շարունակվել է»,-ընդգծել է Լիդա Մինասյանը: Նրա խոսքով՝ վերջին անգամ ամուսինը նրան դանակի 25 հարված է հասցրել, ինչի արդյունքում Տաթեւիկի սիրտը երկու տեղից վնասվել է: Վնասվել են նաեւ թոքերն ու լյարդը: Ինչպես հաղորդել է Լիդա Մինասյանը, զույգն ունի 2 երեխա՝ 10-ամյա որդի եւ 7-ամյա դուստր: «Միջադեպից հետո Տիգրան Համբարձումյանը հանձնվել է իրավապահներին, ներկայումս նախնական հետաքննություն է իրականացվում»,-հայտարարել է համակարգողը:
Արագ արձագանքման խմբի փաստաբան Սեդա Սաֆարյանի համոզմամբ՝ Տաթեւ Նիկողոսյանի ամուսինը, ամենայն հավանականությամբ, մեղսունակ է. նրան սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել:
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը հայտարարել է, որ «Հասարակություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կողմ է, որպեսզի ընդունվի առանձին օրենք «Ընտանեկան բռնության մասին», որն ավելի վաղ մերժվել էր: Օրենքը պարունակում է մի շարք կանխարգելող միջոցներ, մասնավորապես՝ բռնության կիրառման դեպքերի ժամանակ ոստիկանության աշխատակիցների պարտադիր միջամտությունը:





























