Գերմանացի ձեռներեց Օսկար Շինդլերի համար աշխատելու պատրվակով նացիստական համակենտրոնացման ճամբարներից փրկված հրեաների ցուցակը eBay օնլայն-աճուրդում գնորդ չի ունեցել, փոխանցում է Sky News-ը:
801 մարդու անուն պարունակող մեքենագրված ցուցակը վաճառքի է հանվել հուլիսի 19-ին: Լոտի նախնական արժեքն էր 3 մլն դոլար: Ցուցակը վաճառքի հանող կոլեկցիոներները ծրագրում էին դրա դիմաց 5 մլն դոլար ստանալ, սակայն փաստաթուղթը ստանալու որեւէ հայց չի ներկայացվել:
Կոլեկցիոներներից մեկը հայտարարել է, որ սարսափելի բան տեղի չի ունեցել, քանի որ փաստաթղթի էջը դիտվել է 1,5 մլն անգամ, իսկ 13 հազար մարդ դարձել է «հետաքրքրվող դիտորդ», ինչը կարելի է համարել փաստաթղթի բարձր պահանջարկ, հաղորդում է Lenta.ru-ն:
Վաճառքի հանված փաստաթուղթը հրեաների 4 օրիգինալ ցուցակներից մեկն է: Մյուս երեք ցուցակները պահվում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի թանգարաններում:
Օսկար Շինդլերն իր գործողություններով փրկել է ավելի քան 1200 հրեաների, որոնց նացիստները պատրաստվում էին ոչնչացնել միայն նրանց ազգային պատկանելության համար: Շինդլերի գործողությունները գրքի եւ ֆիլմի հիմքում են:





























